ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Աստվածաշնչյան մարգարեությունն են փորձում իրականացնել

Աստվածաշնչյան մարգարեությունն են  փորձում իրականացնել
24.07.2015 | 10:19

Վերջին շրջանում հայ հասարակության լայն շերտերին մտահոգում է առողջապահության նախարարության ջատագովությամբ ներկայացված «Ցորենի այլուրի հարստացման մասին» թիվ 666 ՀՀ օրենքի նախագիծը: Սույն նախարարության աշխատակիցներն ամեն կերպ փորձում են փաստել, որ մեր ժողովրդի առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ է նման ծրագրի իրականացումը: Սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ մնում են ոչ համոզեցուցիչ, որովհետև եվրոպական երկրներից ահազանգ է հնչում նման ծրագրի իրականացման վերաբերյալ, մանավանդ այն երկրների փաստերն են ծանրակշիռ, որոնք իրականացրել են հացի հարստացման ծրագիրը և այնուհետև կասեցրել, ինչպես օրինակ` Դանիան: Համենայն դեպս, վիճահարույց այս ծրագրի իրականացման բնույթը չի բխում քրիստոնեական և ժողովրդավարական արժեհամակարգերից: Չի կարելի ստեղծել այնպիսի իրավիճակ և դրություն, որ անհատը զրկվի ընտրության իրավունքից: Սա համաճարակ չէ, որ ստիպված պետք է պարտադրաբար իրականացնել, որպեսզի չեզոքացվի ազգային անվտանգության սպառնալիքը և հանրությունը զերծ լինի համաճարակային աղետից: Եվրոպական զարգացած երկրները մերժում են ալյուրի հարստացման ծրագիրը և հրաժարվում, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ դրա համատարած կիրառումը ոչ օգտակար է բոլորին: Եթե այդ երկրները մերժում են, դա գիտական լուրջ հիմնավորվածությամբ են մերժում: Մյուս կողմից` 2009-ի կանադական հետազոտությունը ցույց է տալիս, թե որքան դժվար է վերահսկել պատրաստվող սննդի մեջ առկա ֆոլատի քանակը՝ սահմանված չափորոշիչները չխախտելու և պատշաճ մակնշում անելու համար: Սա արդեն լուրջ խնդիր է, քանի որ այդ արհեստական նյութերը մեկ հացի մեջ կարող են շատ լինել, մյուսում քիչ և այլն: Ընդունենք, թե Հայաստանում իրապես համատարած կերպով անհրաժեշտ է հացի հարստացում իրականացնել, բայց չէ՞ որ հնարավոր է այն լուծել բնական ճանապարհով, որը Արարչի կողմից է մարդուն տրված, ինչո՞ւ շրջանցել այն` հավելելով արհեստական նյութերով, որոնք, մի կողմից, օգտակար են, սակայն, մյուս կողմից, վնասակար, ինչպես ամեն արհեստական երևույթ: Ասում են` եթե բնական ճանապարհն ընտրվի ու երկրորդ կարգի հաց պատրաստվի, մարդիկ շատ կգիրանան: Պատասխանը ինչ-որ տեղ զավեշտալի է: Այս դեպքում առողջապահության նախարարությունը մարդկանց մեջ թող ձևավորի սպորտով զբաղվելու և պահք պահելու մշակույթը, որոնք իրապես աստվածահաճո են, այլ ոչ թե աստվածային կամքն այս դեպքում շրջանցել և սինթետիկ ու արհեստական նյութերով մարդկանց փորձել առողջացնել, որոնք պարունակում են ռիսկեր, և այդ ռիսկերի մասին չեն հերքում նաև առողջապահության նախարարությունում: Եթե որևէ անհատի կամ անձանց սույն ծրագրի ձևաչափի կիրառումը վնասակար ու անդառնալի լինի, այդ դեպքում ո՞վ է լինելու պատասխանատու, մի՞թե կարող են հարյուր տոկոսով երաշխավորել, թե բոլորի վրա դրական է ազդելու, իսկ հոգևոր տեսակետից ելնելով՝ Աստծո առջև ի՞նչ պատասխան են տալու, չէ՞ որ իրենք չեն արարչագործության տերն ու Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծած մարդու նախախնամողը...
Կարելի է նշել, որ մի տեսակ ակամայից և աննուղղակիորեն նաև դավանաբանական խնդիր է ստեղծվում հոգևորականի համար, ով Սբ. Հաղորդության հացը պատրաստում է միայն մաքուր այլուրից: Համատարած այլուրի հարստացման պարագայում չի բացառվում, որ հոգևորականների մի մասը, տեղում չգտնելով մաքուր այլուր, երբեմն ստիպված պետք է երկար ճանապարհ կտրի այն ձեռք բերելու համար, քանի որ հայ եկեղեցին դեռևս միջնադարից սկսյալ մշտապես պայքարել է այս հարցի շուրջ մաքուր այլուրից Սբ. Հաղորդության հացը պատրաստելու համար: Մյուս կողմից` այնպիսի տպավորություն է ստեղծվում, իբրև թե առողջապահության նախարարության աշխատակիցները ոգևորված և ջանադրաբար աշխատում են իրականացնել աստվածաշնչյան Հայտնության գրքի մարգարեությունը. «Եւ չորս կենդանիների միջից ձայն լսեցի. «Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, եւ երեք կապիճ գարի՝ մէկ դենարի. եւ ձէթ ու գինուն վնաս չտաս» (Յայտ. 6.6): Այսպես ասած մի զուգադիպություն, որտեղ պարզորոշ նշված է, որ լինելու է հացի խնդիր աշխարհում, ուր բնական ցորենը սակավ է լինելու, հետևաբար բնական ցորենից պատրաստված հացն էլ շատ թանկ է լինելու: Մեր առողջապահության նախարարությունը կարծես թե ստանձնել է մարգարեական այս խոսքերի իրականացման նախաձեռնությունը Հայաստանում, որպեսզի մշտապես հիշվի, թե ինչպիսի մեծ գործ է կատարել մեր երկրում այս ժամանակներում` չկարևորելով, թե այդ գործը աստվածահաճո՞ է, թե՞ հակառակ է Աստծո կամքին:
Հուսով եմ` ամեն դեպքում այս խնդրին լուծում կտրվի երկնային նախախնամության կամքին համապատասխան, և աստվածային լույսի իմաստությունը կառաջնորդի մեզ բոլորիս, որովհետև կարծում եմ` և՛ առողջապահության նախարարությունը, և՛ վերոհիշյալ ծրագրի ընդդիմախոսները մտահոգ են մեր ժողովրդի առողջապահության և բարօրության համար:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ